ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ու հանձնաժողովին էլէներգիայի սակագնի բարձրացման լսումներում ասաց, որ նույնիսկ ֆորմալ նման լիազորություններ չունենալով՝ հանձնաժողովը կարող էր նամակ գրել ՀԷՑ-ին և հիշեցնել, որ «ձեր վիճակը լավ չէ, դուք պարտքեր ունեք, դուք ի՞նչ իրավունք ունեք՝ բարեգործություն անելու»: Պատգամավորը հարցրեց՝ իսկապե՞ս հանձնաժողովում համարում են, որ որևէ պատասխանատվություն չեն կրում ՀԷՑ-ի կուտակած, իրենց հաշվարկներով՝ 250 միլիոն դոլարի, կամ ՀԾԿՀ-ի նշած՝ 106 մլրդ դրամի պարտքի կուտակման համար: ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ անհասկանալի է, թե ինչու ՀԾԿՀ-ն ամեն տարի հաստատում է էներգետիկ համակարգում 11, 5 տոկոս կորուստներ, Վրաստանում այդ ցուցանիշը 8 տոկոս է, ԱՊՀ տարածքում՝ միջինը 10 տոկոս, Արևմտյան Եվրոպայում` 5:
Ի պատասխան՝ Ռոբերտ Նազարյանը նկատեց, որ պատգամավորը լավ չի կարդացել ՀԾԿՀ-ի մասին օրենքը, մանավանդ էներգետիկային վերաբերող գլուխը:
«Հանձնաժողովն իր գործառույթների շրջանակում ամբողջությամբ պատասխանատվություն է կրել, կրում է և կրելու է: Եվ հիմա էլ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ այն, ինչ մեզ վերապահված է, փորձել ենք անել բաց, հրապարակային»,- ասաց Ռոբերտ Նազարյանը և հավելեց, որ վատ մենեջմենթի, ճոխության որևէ լումա չի արտացոլվել սակագնում։ «Լավ, բարեգործությունից խոսենք։ Եթե դուք ընկերություն եք, ունեք շահույթ, ինձ ասեք՝ ՀՀ-ում ո՞ր պատկան մարմինը իրավունք ունի գալ, միջամտել այդ շահույթի տնօրինմանը, բացի սեփականատիրոջից»,- հարցրեց Ռոբերտ Նազարյանը: